Mastodon

Ինտերնետի ազատության հիմնական խնդիրները Հայաստանում

 

Հայաստանում ինտերնետ տիրույթը միշտ ավելի ազատ է եղել, քան, օրինակ, մամուլը կամ խոսքի ազատությունը ընդհանուր պատկերազցմամբ։ Freedom House կազմակերպության կողմից ամենամյա Freedom on the Net ռեյթինգում Հայաստանը, բացառությամբ 2017 թվականի, եղել է ազատ երկրների ցանլում։ Միայն 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավմանը հետեւած մոտ մեկ ժամ Ֆեյսբուքի արգելափակումները հանգեցրեցին նրան, որ մեկ տարով Հայաստանը ընկավ կիսա-ազատ երկրների ցանկը, բայց արդեն հաջորդ տարի նորից վերականգնեց իր դիրքրերը։ Եվ փաստացի այսօր հանրապետությունը գտնվում է ազատ ինտերնետ երկրների առաջին տասնյակում։

2020 թվականի իր հերթին ունեցավ կտրուկ բացասական ազդեցություն ինտերնետ ազատությունների վրա։ Գարնանը հայտարարված արտակարգ դրությունը իր հետ բերեց պաշտոնապես հայտարարված գրաքննույթուն, որը երկար չտեւեց, սակայն իր ազդեցությունն ունեցավ։ Նաեւ գործարկվեց համակարգ, որը բջջային հեռախոսների միջոցով եւ բջջային օպերատորների կողմից տրամադրվող տվյալների հիման վրա վերահսկվում էր Հայաստանի ամբողջ բնակչության շարժը եւ սոցիալական կապերը՝ հիմնվելով հեռախոսազանգերի մետա-տվյալների հիման վրա։

Արցախյան պատերազմի ընթացքում եղավ համ գրաքննություն, համ արգելափակումներ։ Նաեւ զանգվածային հաքերային հարձակումներ, որոնք իրականացվում էին Ադրբեջանից եւ Թուրքիայից։

COVID-19 հետ կապված ժամանակահատվածը


2020 թվականի գարնանից մինչեւ աշուն գործող արտակարգ դրությունը եւ կարանտինը յուրահատուկ ազդեցություն ունեցան ինտերնետի վրա։

Արտակարգ դրության առաջին օրերից հայտարարվեց գրաքննություն, որը վերաբերում էր կորոնավիրուսին վերաբերող բոլոր տիպի տեղեկատվությանը․ այն չպետք է հակասեր պաշտոնականին։ Ընդ որում գրաքննության կանոնները վերաբերում էին ոչ միայն լրատվամիջոցներին, այլ նաեւ սոցցանցային օգատետրերին։ Ոստիկանությունը գործում էր ուժային եւ հաճախ անտրամաբանական մեթոդներով։ Օրինակ, Տիգրան Խզմալյանի տուն այցելել էին գիշերը, որպեսզի պահանջեն հեռացնել ֆեյսբուքյան գրառում, որը, իրականում, չէր հակասում ցենզուրայի կանոններին։



Գրաքննությանը ավելացան փորձելը վերահսկելու մարդկանց տեղաշարժը՝ կոնտակտավորներին բացահայտնելու համար։ Առաջնային փուլում հանրությանը առաջարկվեց ներբեռնել դրա համար հատուկ հավելված։ Այդ հավելվածի առաջին տարբերակը, որը գործարկվեց մարտի երկրորդ կեսին․ իր մեջ պարունակում էր վնասակար ծրագիր, ինչը կարելի է ստուգել առ այսօր։ 16 հակավիրուսային ծրագիր տվյալ պահին ճանաչում են այս հավելվածը որպես վնասակար։ Ըստ ցանցում հայտնված տվյալները այդ հավելվածը Հայաստանը ստացել էր Իրանից, որտեղ եւ այն գործարկվել էր ներքին օգտագործման համար։ Եվ արդեն առաջին օրերից հայտնի էր դարձել, որ հավելվածը պարունակում է լրտեսական ներդրված ծրագիր։ Հենց այդ պատճառով էլ Գուգլը հեռացրել էր հավելվածը Google Play-ից։ Եվ հենց այդ իսկ պատճառով էլ հայաստանյան հավելվածը սկզբնական հատվածում առաջարկվում էր կառավարության կողմից որպես apk ֆայլ ներբեռնելու համար։ Հետագայում այդ վտանգ պարունակող հավելվածը հավելվածը փոխարինվեց անվտանգով։




Ավելի ուշ գործարկվեց կենտրոնացված համակարգ, որը մեկ տեղ էր հավաքագրում բոլոր երեք բջջային օպերատորներից տվյալները բոլոր բաժանորդների վերաբերյալ։ Հավաքագրվում էին օնլայն ռեժիմով հեռախոսազանգերի եւ կարճ հաղորդագրությունների վերաբերյալ մետա-տվյալները։ Բացի դրանից ստացվում էր մարդկանց տեղաշարժի հետ կապված տվյալները՝ հիմնված բջջային հեռախոսների եւ կայանների կապի վրա։ Համակարգը գործեց մինչեւ սեպտեմբերի կեսը։ Այն վերահսկվում էր ԱԱԾ-ի կողմից, իսկ ստեղծվել էր անհայտ մասնավոր ընկերության կողմից։ Այդպես էլ թափանցիկ չդարձան մի շարք հարցեր․

ա․ Չտրվեց ոչ մի երաշխիք, որ համակարգը չի օգտագործվել այլ նպատակներով, օրինակ, կոնկրետ մարդկանց եւ իրենց կապերը բացահայտելու

բ․ Այդպես էլ հստակություններ չմտցրեցին, թե ով է ստեղծել համակարգը

գ․ Ըստ օրենքի արտակարգ դրության ավարտին համակարգով հավաքագրված տվյալները պետք է ոչնչացվեին։ Քանի որ ոչ մի անկախ վերահսկողություն համակարգի հանդեպ չի եղել, չկա ոչ մի երաշխիք, որ տվյալները ոչնչացվել են, ավելին․ որ համակարգը այլեւս չի գործում

Արցախյան պատերազմ, ռազմական դրություն


Հայաստանում ռազմական դրությունը, որը հայտարարվեց Արցախյան պատերազմի սկսվելու պահից նաեւ լրջագույն ազդեցություն թողեց համացանցի վրա։

Անմիջապես հայտարարվեց գրաքննության ռեժիմ, որը գործում էր համ լրատվամիջոցների հանդեպ, համ սոցցանցերի օգտատերերի։ Գործում էր շատ կոշտ տուգանքների ռեժիմ։ Այսպես, օրինակ, Ոստիկանությունը հայտնում էր միջանկյալ արդյունքների մասին․ հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։

Ներդրված կանոնները բավականին խիստ էին։ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում էինհրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, ՀՀ և ԱՀ ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է ՀՀ և ԱՀ պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Գործեցին նաեւ արգելափակումներ։ Առաջինը հոկտեմբերի 1-ի դրությամբ արգելափակումների տակ ընկավ TikTok սոցցանցը։ Արգելափակումը մասնակի էր․ մի շարք օգտատերերի մտ այն բացվում էր, չնայած դժվարությամբ։ Պաշտոնապես այդպես էլ չընդունվեց արգելափակման փաստը։ Քանի որ արգելափակումը լիարժեք չէր, ապա բարդ է նաեւ ֆիքսել, թե երբ այն դադարեց ամբողջությամբ գործել։ Ամենայն հավանականությամբ, արդեն հոկտեմբերի ավարտին սոցցանցը լիարժեք գործում էր ՀՀ տարածքում։

Հոկտեմբերի երկրորդ հատվածում ներդվեցին ավելի խիստ արգելափակումներ։ Հայաստանի տարածքում անհասանելի դարձան բոլոր .az եւ .tr դոմենային տիրույթի կայքերը։ Ո՞րն էր իմաստը արգելանքի տակ դնելու ողջ ադրբեջանական եւ թուրքական համացանցային տիրույթը հայտնի չէ․ այս դեպքում նույնպես պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արվել։ Պատերազմի ավարտից հետո արգելափակումները հեռացվեցին։

2020 թվականը ամենաբարդ տարին է եղել Հայաստանի ինտերնետի պատմության մեջ։ Սահմանափակումների եւ արգելափակումների մի մասը օբյեկտիվ պայմաններից են բխել։ Սակայն պետությունը հաճախ չի ստեղխել հանրային վերահսկողության գործիքներ, իսկ որոշ դեպքերում պարզապես չի էլ իրազեկել հանրությանը սահմանափակումների մասին։ Եվ այս պահին դեռ հարց է․ կհաջողվի քաղաքացիական հասարակությանը եւ իշխանություններին վերադարձնել Հայաստանը ազատ ինտերնետով երկրների շարք 2021 թվականին, թե այս հարցը կհետաձգվի մինչեւ ավելի բարենպաստ քաղաքական եւ հասարակական պայմաններ ստեղծվեն։

CyberHUB-AM համահիմնադիր Արթուր Պապյանը համարում է, որ Հայաստանում սպասվում են քաղաքական ցնցումներ, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է նաև խոսքի ազատության հետ կապված իրավիճակի զգալի վատթարացման, իշխանությունների կողմից՝ խոսքի ազատության նկատմամբ վերահսկողություն հաստատելու, խոսքի ազատությունը սահմանափակելու, իսկ ընդդիմադիրների և օտար պետությունների պրոքսիների կողմից՝ խոսքի ազատությունը այլ միջոցներով ճնշելու փորձերի։

Իմ կողմից էլ ավելացնեմ, որ ցավոք, կորոնավիրուսը եւ հատկապես պատերազմը շատերին համոզեց, որ վերհսկելի ինտերնետը ավելի կարեւոր է, քան հնարավոր քաաքացիական ազատությունների սահմանափակումները։ Այնպես որ հանրության մեջ էլ արդեն կան իրավիճակի վատթարաման հիմքեր։

No comments:

Post a Comment

Բանկային սքամ

 Տվյալ դեպքում ID Bank Facebook ads, թիրախավորումը - բոլորը Հայաստանում, 25+ տարիք Link: hxxps://armenia-i-dbank[.]com/banks/LogOn/idram Նու...