Mastodon

ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)

ՀՀ-ում թավշյա հեղափոխության ընթացքում սոցիալական մեդիաներն ունեցան ամենակարևոր դերերից մեկը։ Հիմնական հաղորդակցամիջոցը ավանդական ԶԼՄ-ից տեղափոխվեց դեպի նորագույն տեխնոլոգիաներ, ուղիղ եթերներ սոցիալական հարթակներում։ Նույնիսկ օնլայն լրատվականներն այդքան մեծ ազդեցություն չունեցան տվյալ ժամանակահատվածում։
Բնականաբար, Հայաստանի թիվ 1 սոցիալական ցանցը՝ Ֆեյսբուքը, որն ունի ամենամեծ լսարանը, ամենահիմնական հարթակն էր, որտեղ ծավալվում էին քննարկումները և տարածվում էին նյութերը։ Ավելին, վերջին ամսվա ընթացքում հայաստանյան Ֆեյսբուքի լսարանը մոտ 10% աճ ունեցավ․ 1 մլն 100 հազ. ակտիվ օգտատերից մինչև 1 մլն 200 հազ. ակտիվ օգտատեր1։
Ինչպես հետևում է, օրինակ, հոդվածի հեղինակի Թվիթերի հաշվի (https://twitter.com/Kornelij) այցելությունների դինամիկայից, ապրիլի 15-ից հետո նկատվում է գրառումների դիտումների կտրուկ աճ (տե՛ս Նկար 1).


Գերակտիվ էր նաև Ինստագրամը։ Այստեղ լսարանը հասնում է ֆեյսբուքյան լսարանի կեսին․ 560 հազ. ակտիվ օգտատեր։ Սակայն այս լսարանն ավելի երիտասարդ է, մոտ 80%-ը կազմում են մինչև 35 տարեկան երիտասարդները։
Կտրուկ ավելացել էր նաև Թվիթերի լսարանը. սոցցանցի յուրահատկություններից մեկն այն է, որ հարթակն ավելի բաց է որոնումների համար, և ընթերցողների զգալի մասն արտասահմանցիներ են, որոնց հետաքրքրում է Հայաստանի ներքաղական կյանքը (տե՛ս Նկար 1, 2):



Սակայն ամենահեղափոխականը տեղեկատվական հոսքերում ուղիղ եթերների գերակշռումն էր։ Հիմնական լսարանը միտված էր օգտվելու Ֆեյսբուքի և Յութուբի ուղիղ եթերներից։
Որպես հետևանք՝ ինտերնետ կապը ծայրահեղ ծանրաբեռնված է աշխատել, սպառումը, ըստ պրովայդերների, գերազանցել է բնական վիճակի 300%-ը․ «Թրաֆիկի ծավալների նման կտրուկ աճին տեխնիկապես որևէ ցանց պատրաստ չէ։ Սովորաբար ցանցի և կապուղիների պլանավորումը կատարվում է թրաֆիկի օրինաչափ ծավալներից մոտ 20-30% ավելի ռեզերվային թողունակությունն ապահովելու հաշվարկով։ Իսկ վերջին օրերին թրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինը մոտ 300%-ով»2։
Հիմնական լրատվամիջոցները, որոնք իրականացրել են ուղիղ եթերներ ապրիլ-մայիսի ընթացքում, իրենց ողջ պատմության մեջ ամենադիտված տեանյութերն են արձանագրել այդ ժամանակահատվածում (տե՛ս Նկար 3-5).



Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ուղիղ եթերներին, ապա այս գործիքն օգտագործվում էր բազմաթիվ քաղաքացիների կողմից։ Իհարկե, ամենաազդեցիկ ֆեյսբուքյան էջն այս ընթացքում Նիկոլ Փաշինյանինն էր (տե՛ս Նկար 6):
Ավելին, Փաշինյանի ուղիղ եթերները ռեկորդային դիտումներ էին գրանցում Հայաստանի համար։ Նորանշանակ վարչապետի ուղիղ եթերը Բաղրամյան 26-ից դիտվել է մեկ միլիոն անգամ, ինչը հայաստանյան Ֆեյսբուքի հատվածի համար աննախադեպ է (տե՛ս Նկար 7):

Թավշյա հեղափոխությունը նոր ձևաչափեր ստեղծեց Հայաստանի սոցիալական մեդիաների, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվական դաշտում, ինչի հետևանքներն ավելի ցայտուն կերևան մոտ ապագայում, երբ նոր մոտեցումները դառնան առօրեական։
1 Ֆեյսբուքի գովազդային հարթակի տրամադրած տվյալներն են։
2 Հայաստանում ապրիլի 13-ից արձանագրվել է ինտերնետային թրաֆիկի սպառման կտրուկ աճ, https://www.azatutyun.am/a/29206587.html


No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...