Հարկային օրենսգիրքը հերթական անգամ բարեշրջվում է։ Կամ շրջափոխվում է։ Թե բարեփոխվում է։ Լավ չեմ հիշում։ Բայց էդ անտերի հետ հերթական անգամ ինչ֊որ բան է կատարվում։ Կառավարությունը, ինչպես միշտ, համարում է, որ սա մոտեցնում է հարկային դաշտը իդեալականին։ Արդեն կասկածներ կան, որ հարկային դաշտը վերածվելու է ելիսեյան դաշտերի, ուր երջանիկ զվռնելու են մեր երանելի քաղաքացիները՝ թիթեռնիկներ ու բզեզիկներ բռնելով։
Սա այսպես էլ լինելու է՝ հաստատ։ Եթե լսել միայն կառավարությանը։ Բայց դե այսօր կառավարությանը լսել մոդայիկ չէ։ Ես կասեի՝ սեքսի չէ։ Ավելին՝ երբեք չի էլ եղել։ Իսկ երբ մարդ կառավարությանը լսում է, բայց չի լսում, ինքը ամեն անգամ հարկային փոփոխություններին նայում է որպես հերթական մեքենայության։ Մեր հանրությունը հարկային ծառայությունից միշտ վատն է սպասում։ Իսկ հարկային փոփոխությունները ընկալում են որպես փորձ էլ ավելի դժոխային վիճակի հասցնել եղած ահավորը եւ սահմռկեցուցիչը։
Ու հիմա էլի մեր շեմին չոքել է հարկային շրջափոխումը։ Թե բարեշրջումը։ Էլի մոռացա։ Ինչ֊որ բան փոխվելու է։ Մեծ մասը փոփոխություների հասկանում են միայն սեւ գոտի, հինգերորդ դան ունեցող հաշվապահները։ Մյուս մասը՝ արդեն տառապած գործարարներն էլ են սկսում հասկանալ։
Իսկ մեզ՝ հասարակ բարիքաստեղծ եւ հարկածին քաղաքացիներիս, հիմնականում հասանելի դառավ մի երկու բան․ որ միջին եւ մեծ աշխատավարձ ստացողները սկսելու են ավելի մեծ հարկեր վճարել։ Ինչը հեչ լավ բան չէ։ Չնայած, միանշանակ չես կարող ասել։ Կարող է եւ լավը լինել։ Օրինակ, կարող է երկիրդ, կառավարությունդ գերխնդիր դնի, ասենք, հաղթահարել աղքատությունը, կամ՝ արդիականացնել բանակը, կամ բարեփոխել կրթական համակարգը, գյուղացուն օգնել, հիվանդին, երեխուն․․․ Հետո կառավարությունդ դա մանրամասն բացատրի հասարակությանդ։ Գերադասելի է մարդկային լեզվով, առանց «ֆիսկալ», «մոնետար» բառերի։ Ու եթե կա հասարակական պահանջ, ավելին՝ կա հասարակական պատրաստակամություն։ Նման դեպքերում հասարակության մեծամասնությունը կարող է պատրաստ լինել գնալ սեփական եկամուտների կրճատմանը։ Հանուն մեծ սոցիալական գաղափարի։ Կարող է մի բան էլ ավելին՝ պահանջենք հարկերը մի քիչ էլ բարձրացնել։
Իսկ հանուն ինչի՞ է հարկայինը հիմա ուզում բարձրացնել իմ հարկերը։ Հը՞։ Կարող է ձեզ են պատմել, ես բաց եմ թողել։ Կարող է այդ գումարները ուղղվելու են անօթեւան մարդկանց օգնելուն։ Կամ թերսնվող երեխաների վիճակը բարելավելու։ Կամ, մի գուցե, առողջապահության ոլորտը թարազուի բերելուն։ Կա՞ ինչ֊որ մի պետական մեծ, գեղեցիկ, բարի եւ իրականանալի ծրագիր, որը պետք է իրականացվի, եւ դրա համար գումար չի հերիքում։ Իսկական ծրագիր, ոչ թե pdf ֆայլ կայքի վրա։ Ես չեմ լսել։ Իսկ դուք՞։
Թե ձեզ էլ է թվում, որ իրականում բյուջեի ծակեր փակելու համար է։ Զուտ որ օդ չթողի։ Ու չշխքշխքա։ Ու որ մենք էլ շատ ոտքի տակ չընկնենք, չխանգարենք։ Ոնց որ ձեզ էլ է տենց թվում, հա՞․․․
հրապարակվել է Թերթ․ամ֊ում
Subscribe to:
Post Comments (Atom)
Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից
Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։ Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։ Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...
-
Կա երկու հայտնի բան. ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում բ. Հա...
No comments:
Post a Comment