Mastodon

ԴՈՒՔ Ո՞ՒՐ ԷԻՔ, ՈՐ ՄԵՆՔ ՄԱՅԴԱՆՎՈՒՄ ԷԻՆՔ ՍՏԵՂ

Յալանուզյան Միքայելի հետ զրուցում էինք անկախության առաջին ամիսների, տարիների մասին։ Սենց զրույցների ժամանակ շատ բաներ ես վերհիշում, ուրիշ հայացքով նայում եղածին։ Խոսակցությունը գնաց 88-92թթ. երիտասարդական շարժումներից։ Ընդհանրապես այդ թվերի ազատական, ժողովրդավարական շարժումներից։ 

Իհարկե, մենք 88-ը հիշելիս, հիմնականում խոսում ենք Արցախյան շարժման մասին։ Բայց իրականում դա այդպես էր միայն սկզբնական փուլում։ Երբ դեռ ցույցերին Լենինի նկարներ կային, երբ դեռ համարում էին, որ Կոմկուսում կան լավ ու վատ թևեր, որ Գորբաչովի խալը ժավելի սպիրտով մաքրել կլինի։ Բայց բավականին արագ վիճակը փոխվեց։ Եվ բացի ամենից, շարժումը սկսեց պարունակել իր մեջ նաև երիտասարդական, ժողովրդավարական և այլ տիպի վեկտորներ։ Այդ ընթացքում Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս։ Առնվազն հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվել էր։ Այդ տարիներին անեկդոտ էին պատմում, որ ինքնաթիռը Հայաստանից Մերձբալթյան հանրապետություններ թռնում է Սովետական Միության տարածքով։ 

Ավելին, Հայաստանից մարդիկ գնում էին տարբեր սովետական հանրապետություններ, սովորեցնում էին ցույցեր կազմակերպել, բողոքի ակցիաներ տեղը տեղին անել։ Քանի որ նման փորձ մենք ունեինք, մինչև մեր շարժումը Սովետում ցույց անել կարելի էր միայն բանծիկներով ու շործիկներով ու միայն տոնական օրերին։ Իսկ մեկ տարվա առճակատումը կագեբե-ի, սեքսոտների (սա խուժան բառ չէ), բանակի հետ, բազմաթիվ պայքարի կրեատիվ մեթոդների հայտնաբերումը ու կիրառումը հայաստանցիներին դարձրեց իսկական պրոֆեսիոնալ հեղափոխականներ։ Ինչ ասես չէին մտածում այդ օրերին։ Օրինակ, եթե պետք էր հայտարարել գործադուլ, իսկ լրատվամիջոցները քո ձեռքում չեն, Ֆեսյբուք էլ թարսի պես չկա։ Ճիշտ է, կարելի է թռուցիկներ տարածել։ Բայց դրանք գտնում, պոկում էին։ Իսկ կարելի է ավելի կրեատիվ բաներ հորինել։ Օրինակ, մետրոյում մաշինիստը կարող է հայտարարել․ «Դռները փակվում են։ Հաջորդ կայարանը՝ Երիտասարդական։ Համ էլ, ժողովուրդ ջան, վաղվանից գործադուլ ենք սկսում»։ Ու սենց հազար ու մի բան։ Ու ցանկություն կար կիսվելու մնացած անճար ժողովուրդների հետ։  Այնպես որ հայկական էմիսարները ուր ասես չէին հայտնվում այդ օրերին։

Ո՞ւր էին ուկրաինացիք, երբ մենք մայդանը մայդանի վրա էինք անում։

Ընդհանրապես, երիտասարդությունը ապրում էր ոչ միայն ներքին խնդիրներով։ Երբ Տյանանմեն հրապարակում ճնշվեց ուսանողական շարժումը, Երևանում անցկացվեցին չինացի ուսանողների հետ համերաշխության ակցիաներ։ Իսկ հիմա դրա մասին նույնիսկ հայերեն նյութ չկա Վիքիպեդիայում։ 

Ասեմ ավելին, չծիծաղեք։ Եթե այսօրվա միջին ֆեյսբուքյան հայ օգտատիրոջը (էն, որ ասում են ֆեյսբուքահայ) ցույց տային, թե ինչ էր կատարվում Հայաստանում 89-91 թվականներին, բայց չասեին, թե որտեղ ու ինչ է կոնկրետ կատարվում, ապա մեծամասնությունը կասեր, որ սրանք սաղ զոմբիներ են, որ սրանց բոլորին ամերիկացիք փող են տվել, որ հեղափոխություն անեն, որ տեղները չեն շնթրկում, մի հատ էլ փորձում են հարևան երկրներ արտահանել իրանց մայդանը, որ սրանք երկիրն են կործանում։ Ու լիքը ուրիշ բաներ, որոնք լավ բոլորս պատկերացնում ենք։

Tempora mutantur et nos mutantur in illis

հրապարակվել է Թերթ․ամ֊ում

No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...