Mastodon

ԴԵՊԻ ԱՐՁԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ

-Արձան ա էլի։ -Կարեւորը նման ա։ -Կարեւորը մեր հայ գեներալի/պոետի /գիտնականի /տաքսիդերմիստի /մարկշեյդերի արձանն ա։

Վերջերս, երեւի, հաճախ եք լսում նման արտահայտություններ։ Հատկապես վերջին օրերին, երբ արձանների դավադրության հոտ է գալիս Երեւանում, երբ չենք հասցնում մի հուշարձանը քննարկել ֆեսյբուքներում, գիշերով մեկն էլ ա մտնում քաղաք։

Ու մտքերը սկսում են հոսել․ իսկապես, ինչի՞ հետեւից ենք ընկել։ Արձանը կարեւորը նման լինի։ Որ մոտիկից կարելի լինի հասկանալ, թե ով է։ Կամ գոնե վրայի գրածից հասկացվի։ Ու՞մ է պետք, որ արձանը նաեւ լինի արվեստի գործ։ Արվեստի գործը ո՞րն է։

Այ վերջին հարցի վրա ինձ վերջերս սկսել է կախել։ Նկատել եմ, որ մոտս սկսել է լղոզվել արվեստի վերաբերյալ պատկերացումը։ Ինչն է արվեստի գործ, իսկ ինչը՝ արհեստի, իսկ որը՝ արդեն պահեստի գործ։ Ու սաղ նրանից է, որ շրջապատս տենց է թելադրում։ Շուրջս գեղեցիկն ու հիպերքաղքենյաց դիզայնը իրար քիփ կպած ապրում են։ Շրջապատս նենցն է, որ արվեստն ու փինաչու գործը հավասարություն են ստացել։  Հավասարությունը լավ բան է, բայց ոչ գեղեցիկի հարցում։

Հյուրանոցներում իրար կողք հավասար կարգավիճակում կարող է Վան Գոգի կամ Սարյանի ռեպրոդուկցիա պատին կախած լինի։ Իսկ հենց դիմացի պատին մի հատ քսան կիլոյանոց փրփրագմբիկ ոսկեզօծ շրջանակի մեջ Ռուբենսի ծուռթաթ տնազ փառահեղ ֆորմաներով կիսամերկ կանանցով։ Կողքն էլ մի հատ ա-լյա Մոնդրիան քառակուսիներ։ Իսկ հյուրանոցի լոբբիում 3D նկար է․ եղնիկներ, ջրվեժ, որից իսկական ջուր է թափվում։ Ու միջից ծիտիկների ծլվլոց է լսվում, ու լույս ա պտտվող հետեւի ֆոնին։

Հետո գնում ես սրճարան։ Իսկ հեռուստացույցով մի բան են ցույց տալիս, իսկ ձայնը ՝ լրիվ ուրիշ բանի է։ Քանի որ էլի՝ ինչ կապ ունի ինչ ա է։ Կարեւորը երկուսն էլ կա․ ձայն ու տեսարան։ Կարեւորը լինի, տեղը դատարկ չմնա հանկարծ։ Իսկ թե ինչ կլինի, կարեւոր չէ։

Հետո դուրս ես գալիս։ Դիմացդ հայտնվում է արհեստական խոտից կիթառը․․․ -Խոտ ա էլի, կարեւորը կանաչ ա, մանր պտպտիկներից ա։ Համ էլ չի փչանում։

Սաղ սկսվում է դպրոցներից։ Որտեղ պատերին զարհուրելի, չռած աչքերով, ասիմետրիկ թշերով մեր մեծերի «նկարներն» են կախված։ Դասագրքերում բաց յախքի գույնի փսիխոդելիկ նկարներ են։ Նկարչության դասին էլ երեխաները տարիներով մուգ յախքի գույնի վազա, ծաղիկ ու մարտի ութի բացիկ են նկարում։ Արվեստի պատմության տեղն էլ շեշտը դրվում է Կոնսերվատորիայի ռեկտորների անունների անգիր սովորելու վրա։ Որ հետո թեստերը հանձնել լինի։

Որպես հետեւանք, շատերիս մոտ չի ձեւավորվում մարդավարի ճաշակ, ոճի, գեղեցիկի զգացողություն։ Ու մարդ սկսում է արհեստական խոտը գերադասել, քանի որ հեշտ է լվացվում։ Պատին էլ կախել նկարները ըստ պլպլանության գործակցի։ Սրանից հետո Երեւանում հուշարձանի հարցը վերածվում է զուտ տեղի ու անձի հարցին։ Գեղեցիկն էլ դառնում է դատարկ կատեգորիա։ Կարևորը նման լինի։ Կամ վրայի գրածից պարզ լինի, թե ով է։

Սենց բաներ որ ասում, գրում ես, միշտ հայտնվում են մարդիկ, որ ասում են, թե ճաշակին ընկեր չկա, թե գեղեցիկը հարաբերական է եւ սուբյեկտիվ, որ հարյուր տարի առաջ կանանց գեղեցկության չափանիշները մեկ էին, հիմա՝ ուրիշը։ Կարելի է երկար փիլիսոփայել այս հարցի շուրջ՝ մեջբերելով Շելինգին եւ Հեգելին։ Բայց հարցը հեշտ լուծում ունի։ Կան ինչ֊որ դեպքեր, երբ վիճողը պարզապես ցույց է տալիս, որ բան չի հասկանում։ Եվ վիճելը դառնում է անիմաստ, քանի որ այդ մարդը պարզապես օրգան չունի հասկանալու։ Կան բաներ, որոնց մասին վիճելն անիմաստ է։ Խոտը կանաչ է։ Երկինքը՝ կապույտ։ Մինասը լավ նկարիչ է, իսկ Դեմյան Բեդնին՝ վատ պոետ։ Թառլան Դավիթի արձանը լավն է, իսկ Կարապի լճի միջի տորշերը՝ վատը։ Միքելանջելոյի Դավիթը լավն է, իսկ մարշալ Բաբաջանյանի արձանը վատն է։ Չնայած, վերջին համեմատությունն անելն էլ իմ կողմից էր անճաշակության դրսեւորում։
հրապարակվել է Թերթ․ամ֊ում

No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...