Mastodon

Մեր օրերի Ֆրանկենշտայնները կամ որքա՞ն մարդ կա ինտերնետում

Այսօրվա ընթերցողին ավելի հետաքրքիր է տեսնել մի քանի թիվ կամ գրաֆիկ, քան մի քանի էջ հետաքրքիր մտքեր կարդալ։ Դա համացանցի, ավելի շուտ՝ սոցիալական ցանցերը եւ հեռախոսների բացասական ազդեցություններից մեկն է։ Իսկ վիճակագրությունը, որն այդ թվերը տրամադրում է, շատերի համար դառել է դարձել է կրոնական գիտություն՝ կասկածը գրեթե բացակայում է, իսկ ուսումնասիրությունների մեթոդաբանությունը մարդկանց հաճախ ընդհանրապես չի հետաքրքրում։

Իսկ երբ մի բան բոլորի կամ շատերի կողմից ընդունվում է հալած յուղի պես, հաճախ տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Վերցնենք, օրինակ, ինտերնետի զարգացման վերաբերյալ տվյալները։ Հաճախ զանազան զեկույցներում, որտեղ բերվում են միանգամից տարբեր տվյալներ, մարդիկ ուշադրություն չեն դարձնում, որ գործ ունեն տարբեր տեղերից հավաքված, տարբեր պատասխանատվություն ունեցող աղբյուրների, տարբեր տարիների զեկույցներից հատվածների հետ։ Մոտավորապես այդպես դոկտոր Ֆրանկենշտայնը դիակների կտորներից մարդանման արարած էր սարքում: 

Անհամապատասխանությունների հաճախ եմ հանդիպում, բայց վերջինն այնքան ակնհայտ էր, որ որոշեցի չլրել։ Ձեռքս ընկավ մի մեծ համաշխարհային զեկույց՝ շատ ամպագոռգոռ «Social, Digital & Mobile Around The World» անունով։ Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը զեկույցում չկային, բացեցի Թուրքիայի էջը ու երկար փորձում էի հասկանալ, թե զեկույց պատրաստողը ի՞նձ է անմխիթար համարում, թե ինքն է այդպիսին։ 

Դատեք ինքներդ։ Գրված է, որ ինտերնետից օգտվողների ընդհանուր թիվը Թուրքիայում կազմում է 35 990 932 մարդ (նման ճշգրտությունն արդեն իսկ կասկածներ է առաջացնում): Իսկ Ֆեյսբուքից օգտվողների թիվը՝ 36 000 000: Այսինքն, Թուրքիայում ապրում է 9 068 մարդ, որոնք հայտնաբերել են մի նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օգտվել ֆեյսբուքից օֆլայն տարբերակով։ 

 

Իրականում, սա միայն մեկ օրինակ է։ Այսպիսի անհեթեթություններ կարելի է գտնել բազմաթիվ զեկույցներում։ Օրինակ, ՄԱԿ-֊ի զեկույցներից մեկի համաձայն, Հայաստանում ավելի շատ ալկոհոլ է օգտագործվում, քան Ռուսաստանում եւ Ուկրաինայում:

Բայց գանք Հայաստան։ Դուք գիտե՞ք, թե քանի մարդ է Հայաստանում օգտվում  ինտերնետ կապից ։ Իրականում, Հայաստանում ինտերնետից օգտվողների քանակի վերաբերյալ կա, առնվազն, հինգ թիվ, իսկ տարբերությունը դրանց միջեւ մոտ տաս տոկոսի է հասնում։

2012 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրած տեղեկությունների համաձայն, Հայաստանում բնակչության 60,6%-ը  օգտվում է ինտերնետից։ Այդ տվյալը կարող եք տեսնել՝ մտնելով այստեղ, Ասիայի բաժինը։ Իսկ եթե մտնեք նույն կայքի  Հայաստանի էջը, կտեսնեք, որ այնտեղ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը կազմում է 47,1%։ Ընդ որում, երկու տարի շարունակ թիվը չի փոխվել։

Եթե գտնեք ITU կազմակերպության վերջին Measuring the Information Society Report զեկույցը, կտեսնեք մեկ այլ թիվ՝ 39,2% (151 էջում)։

Ըստ Ինտերնետ Հանրության հարցման, ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 56,9%-ի։ ԻսկCRRC հարցումները ասում են` 53%:

Հիմա ու՞մ հավատանք։ 

Սամվել Մարտիրոսյան, Mediamax, 24.01.2014

No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...